ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է ՄԱԶԾ քաղաքականության եւ ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման եւ քաղաքականության մշակման աջակցության բարձրաստիճան պատվիրակությանը:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեց մարդածին եւ բնական աղետներին դիմակայուն ու պատրաստված հասարակություն եւ համայնքներ ձեւավորելու հիմնախնդիրը:
Առաքելության հիմնական խնդիրներն են՝ օժանդակել Հայաստանում կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզի մշակումը, որի հիման վրա կընտրվեն նպատակների իրականացման ձեւերն ու եղանակները՝ Հայաստանի հեռանկարային զարգացման նոր ռազմավարական ծրագրի եւ այլ ոլորտային ռազմավարությունների համատեքստում։ Ճանապարհային քարտեզը պետք է սահմանի համակարգման առաջնահերթությունները, անհրաժեշտ տվյալներն ու մեխանիզմները եւ ինստիտուցիոնալ ու ոլորտային ղեկավարման հարցերը: Առաքելությունը նպատակ ունի նաեւ ուղղորդել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը տեղական մակարդակում դիմակայուն եւ կայուն զարգացող համայնքներ ձեւավորելու գործընթացում:
Իր խոսքում նախարար Տոնոյանը կարեւորեց երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման հիմնախնդիրը՝ նշելով, որ դիմակայուն հասարակությունը նաեւ տնտեսության բոլոր ուղղությունների կայուն զարգացման գրավականն է:
Երկրում աշխատելու ընթացքում առաքելությունը կձգտի նպաստել հանրային իրազեկվածության մակարդակի, կարողությունների հզորացմանը, ինչպես նաեւ՝ շահագրգիռ կողմերին փոխանցել իր փորձառությունն ու քաղած դասերը:




























