Բոննում Ցանցերի դաշնային գործակալությունը պահանջել է բացառել Գերմանիայի գազատրանսպորտային ցանցի զարգացման ծրագրից հինգ նախագծեր, որոնք կապված են «Հյուսիսային հոսք»-ի ընդլայնման հետ։ Ըստ գերատեսչության՝ դրանց իրագործման հեռանկարները դեռ անորոշ են։ Դրանք կրկին ծրագրում կներառվեն, երբ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման անհրաժեշտ թույլտվությունը կստացվի, փոխանցում է DW-ն։
Այդուհանդերձ, այդ նախագծերից երեքը դեռ բավականաչափ մշակված չեն, ուստի գերատեսչությունը չի կարող դրանք հաստատել։ Իսկ երկու նախագծերի իրականացման անհրաժեշտությունը չկա՝ փոփոխված ծրագրերի պատճառով։
«Նման փոփոխություններով մենք գերմանացի գազ սպառողներին պաշտպանում ենք ավելորդ ծախսերից։ Գերմանական գազատրանսպորտային ցանցի ընդլայնման թանկարժեք ծրագրերը պետք է իրագործել միայն դրանց խիստ անհրաժեշտության դեպքում»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Յոհեն Հոմանը։



























