Սյունիքի մարզի առողջապահական համակարգի վճարովի ծառայություններից մուտքագրված գումարներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ կազմել են 175.3 մլն դրամ, ինչը գերազանցում է նախորդ ամբողջ տարվա մուտքերը մոտ 50 մլն դրամով: Այս մասին նշվել է հուլիսի 28-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշվել է, որ դրական միտումը հիմնականում պայմանավորված է բժշկական կենտրոնների կառավարման համակարգի արդիականացմամբ:
Անդրադառնալով մարզի ավտոճանապարհների վերանորոգման հարցին՝ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել այս ոլորտում գտնել այլընտրանքային լուծումներ՝ հաշվի առնելով այդ ճանապարհների կարեւոր նշանակությունը: «Պետք է խնդիրների ոչ ստանդարտ լուծումներ գտնել, մենք էլ ամեն կերպ նմանատիպ ծրագրերին ցուցաբերելու ենք աջակցություն: Այս պարագայում համայնքներում փոխվելու է եւ մթնոլորտը, եւ միջավայրը», - շեշտել է Կարեն Կարապետյանը:
Խորհրդակցության ընթացքում վարչապետին են ներկայացվել նաեւ տարբեր ոլորտներին առնչվող ներդրումային ծրագրեր, որոնք կքննարկվեն կառավարությունում եւ կներկայացվեն համապատասխան առաջարկություններ: Անդրադարձ է կատարվել նաեւ Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ կատարվող ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներին:




























