Էջմիածնում չգործող հինգ հարկանի հյուրանոցի տանիքից հուլիսի 27-ին ցած նետված 15-ամյա աղջիկը դեռ գտնվում է « Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Նրա խոսքով, աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է, սակայն դրական դինամիկա կա: 

Դալլաքյանը նշեց, որ 15-ամյա աղջկա կյանքին վտանգ է սպառնում. «Դե, միչեւ լրիվ չառողջանա, վտանգ սպառնում է»,-ասաց նա՝ հավելելով, որ գրեթե բոլոր օրգանները վնասված են, նաեւ  գանգուղեղային տրավմա եւ կոտրվածքներ ունի ունի: Դալլաքյանը չցանկացավ նշել՝ արդյոք աղջիկը գիտակցություն ունի, թե ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 27-ին, ժամը 14:21-ին, ԱԻՆ-ում  տեղեկություն էր ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ի վերջո, 15-ամյա Վ. Հ.-ն իրեն ցած էր նետել տանիքից, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծանր: