Երեւանի տոնավաճառում շուրջ 85 ֆերմերային տնտեսություն է ներկայացված։ Այս մասին երկրորդ գյուղատնտեսական տոնավաճառի բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Տոնավաճառը Մաշտոցի պողոտայի մերձակայքում է։
Փոխնախարարի խոսքով՝ ֆերմերային տնտեսությունների թիվը ծրագրվում է հասցնել 120-130-ի, իսկ մյուս տոնավաճառում՝ Կասյան փողոցում, դրանք հասնում են 160-ի։
«Մաշտոցի պողոտայի մերձակայքում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառում օրական 50 տոննա գյուղմթերք է վաճառվում, իսկ Կասյանի տոնավաճառում՝ 80 տոննա»,-նշեց Մակարյանը։
Սակայն Բամբակաշատ գյուղի բնակիչ Նինա Բրանիսլավովնան՝ Բելառուսից, ով արդեն երկրորդ տարին է, մասնակցում է գյուղատնտեսական տոնավաճառին, բողոքեց վատ կազմակերպվածությունից։
«Պայմաններն, իհարկե, ծանր են։ Բերքը մերն է։ Դժվար ենք աշխատում։ Ցանկանում ենք ամեն ինչ իրացնել։ Բայց չէ՞ որ մենք տարեց մարդիկ ենք։ Ցանկանում ես եւ ջուր խմել, եւ զուգարան գնալ եւ որ ինչ-որ պայմաններ լինեն»,-հստակեցրեց Բամբակաշատ գյուղի բնակիչը։
Նրա խոսքով՝ նա իր մոտ է պահում Բամբակաշատից բերած ջրով լի շիշը։ «Մենք նույնիսկ լցվացվելու տեղ չունենք։ Ձեռքերս կեղտոտ են։ Իսկ առհասարակ, մարդիկ այստեղ լավն են ու բարի։ Ըմբռնումով են մոտենում։ Բայց ամեն դեպքում պետք է մարդկանց համար պայմաններ ստեղծել»,-ասաց Նինա Բրանիսլավովնան։
Հիշեցնենք, որ Երեւանում գյուղատնտեսական տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ եւ մայրաքաղաք Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ։




























