Հուլիսի 30-ին Թայվանում սկսված թայֆունի հետեւանքով 103 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է CNA գործակալությունը։

Կղզու ավելի քան 8․7 հազար բնակիչներ են տարհանվել անվտանգ վայրեր։ Տարերքի հետեւանքով խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջ կղզու տարածքում։ Նախնական տեղեկություններով՝ հոսանքազրկվել էր 520 հազար տնային տնտեսություն։

Թայվանի EVA Air խոշորագույն մասնավոր ավիաընկերությունը հայտնել է իր 50 չվերթները չեղարկելու մասին այն բանից հետո, երբ մոտ 500 բորտուղեկցորդներ թայֆունի կապակցությամբ չեն ներկայացել աշխատանքի։

Դպրոցներն ու պետական հաստատությունները փակվել են, դադարեցվել է մետրոպոլիտենի որոշ ճյուղերի աշխատանքը, չեն աշխատում աղբահանության ծառայությունները։

Այս պահին վերականգնվել է երկաթգծային հաղորդակցության աշխատանքը։ Իշխանությունների տեղեկություններով, տարերքի հետեւանքով վնասվել են 38 դպրոցական շենքեր, վնասը կազմել է մոտ 270 հազար դոլար։