2015 թվականի հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բենզալցակայանի մոտ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով դատավճիռ է կայացվել։ NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանն ամբաստանյալներ Էդուարդ եւ Էդգար  Սրքոյան եղբայրներին ու ամբաստանյալ Գառնիկ Նիկողոսյանին անմեղ է ճանաչել ու արդարացրել խուլիգանության մեղադրանքում, իսկ  ամբաստանյալ Արմեն Գորոյանին անմեղ է ճանաչել խուլիգանության մեղադրանքում, իսկ նրան առաջադրված սպանության մեղադրանքը վերաորակել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության մեղադրանքի:

Ամբաստանյալ Աշոտ Ավետիսյանին առաջադրված  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մեղադրանքը եւ ամբաստանյալ Արիստակես Բարսեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղադրանքի: Դատարանը ճանաչել եւ հռչակել է ամբաստանյալ Արմեն Գորոյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանություն,  նախատեսված հանցանքի կատարման մեջ:

Արմեն  Գորոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով՝  անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, կրելը, պահելը: Նա դատապարտվել է 3  տարի ժամկետով:

Ամբաստանյալ Աշոտ Ավետիսյանը մեղավոր է  ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը  եւ դատապարտվել տուգանքի 100.000 ՀՀ դրամի չափով, ամբաստանյալի  21.10.2015 թվականից կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվեկցվել է  նշանակված պատժին, եւ նա լրիվ ազատվել է  տուգանքի ձեւով պատիժը կրելուց:

Ամբաստանյալ Արիստակես  Բարսեղյանը նույնպես մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով եւ դատապարտվել տուգանքի 100.000 ՀՀ դրամի չափով: Արիստակես Բարսեղյանի  նկատմամբ նշանակված պատժին հաշվեկցվել է նրա  03.01.2016 թվականից մինչեւ 05.01.2016 թվականը կալանքի տակ գտնվելու ժամկետը, մեղմացվել նշանակված պատիժը եւ թողնվել կրելու տուգանք 98.000 դրամի չափով:

Դատարանը ճանաչել եւ հռչակել է  Գառնիկ Նիկողոսյանի, Էդուարդ եւ Էդգար Սրքոյան եղբայրների  անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, նախատեսված հանցանքի կատարման մեջ:

Գառնիկ Նիկողոսյանի եւ Էդուարդ Սրքոյանի  նկատմամբ ընտրված գրավը, իսկ Էդգար Սրքոյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցները վերացվել են:

Ըստ մեղադրանքի, Արմեն  Գորոյանը խմբի կազմում 2015 թվականի հունվարի 26-ին ժամը 15-ի սահմաններում, Լիճք գյուղում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը զուգորդվել է նաեւ Լիճք գյուղի բնակիչ Արայիկ Իրիցյանի նկատմամբ որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն գործադրելով եւ մարմնական վնասվածք պատճառելով:

Մասնավորապես, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչներ Էդգար եւ Էդուարդ Սրքոյանների, Աշոտ  Ավետիսյանի, Երեւան քաղաքի բնակիչներ Գառնիկ  Նիկողոսյանի եւ Արիստակես Բարսեղյանի ու գործով չպարզված 4-5 անձանց հետ 2015 թվականի հունվարի 26-ին, ժամը 15-ի սահմաններում, 5 ավտոմեքենաներով գնացել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59,08 կմ հատվածում գտնվող բենզալցակայանի եւ դրան կից հասարակական սննդի սպասարկման ու ավտոտեխսպասարկման կետերի տարածք, որտեղ պատահաբար հանդիպել են Լիճք գյուղի բնակիչ Արայիկ Իրիցյանին եւ Միշա Խաչատրյանին:

Խմբի կազմում խուլիգանություն կատարելու նպատակով Գառնիկ Նիկողոսյանը մոտեցել է Արայիկ Իրիցյանին եւ արհամարհելով մարդկային համակեցության կանոններով ընդունված ձեռքսեղմումով Արայիկ Իրիցյանի կողմից բարեւ տալու հանգամանքը՝ հայհոյանք տալով, հեգնական տոնով հարցրել է նրա  եղբոր՝ Արթուր Իրիցյանի գտնվելու վայրը եւ պահանջել է կանչել նրան: Նրանց է մոտեցել Արիստակես Բարսեղյանը եւ լրացնելով Գառնիկ Նիկողոսյանի սկսած խուլիգանական գործողությունները՝ բռունցքով հարվածել է Արայիկ Իրիցյանի քթին:

Այդ ընթացքում Արմեն Գորոյանը լրացնելով Գառնիկ Նիկողոսյանի, Արիստակես Բարսեղյանի ու մյուսների խուլիգանական գործողությունները, եւ այդտեղ գտնվող քաղաքացիներ՝ Միշա Խաչատրյանի, Համբարձում Հովսեփյանի, Ավետիք Մանուկյանի, Վահան Ավդալյանի, Արտյոմ Ալեքսանյանի, Արթուր Մարտիրոսյանի, Ռուբիկ Մկրտչյանի եւ մյուսների հարգանքի դրսեւորման տարրերին ու համակեցության կանոններին արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու եւ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ցանկությամբ, տեւական ժամանակ, շուրջ 5 րոպե տվել է հայհոյանքներ, նախապես ձեռքը վերցրած որպես զենք օգտագործվող մահակով մեկ անգամ հարվածել է Արայիկ Իրիցյանի գլխի գագաթային մասին՝ պատճառելով արյունազեղում, այնուհետեւ իր հանցավոր գործողությունները լրացնող մի խումբ անձանց հետ շարունակելով հասարակական կարգի կոպիտ խախտումը, ոտքերով ու ձեռքերով հարվածել է Արայիկ Իրիցյանի մարմնի տարբեր մասերին եւ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսեւորել հասարակական կարգի խախտումը խափանելու փորձ կատարող Համբարձում Հովսեփյանի եւ Միշա Խաչատրյանի միջամտությանը: Նրա կատարած գործողությունների հետեւանքով հասարակության անդամների մեջ առաջացել է զայրույթ, վրդովմունք, վախի զգացում՝ առողջության եւ գույքի պահպանության կապակցությամբ, խաթարվել է բենզալցակայանի, սննդի եւ տեխսպասարկման կետերի բնականոն աշխատանքը, որից հետո դեպքի վայրից հեռացել են:

Բացի այդ, Արմեն Գորոյանը 2015 թվականի հունվարի 26-ին, ժամը 15:20-ի սահմաններում, գտնվելով Լիճք գյուղի «Արցախյան պատերազմում զոհվածների» հուշարձանի տարածքում, նկատել է, որ համագյուղացի Արթուր Իրիցյանը եւ իր ընկեր Աշոտ Ավետիսյանը վիճաբանում են միմյանց հետ, Արթուր Իրիցյանը ձեռքին գտնվող զենքի խզակոթով ու բռունցքով հարվածել է Աշոտ Ավետիսյանին: Երբ Արմեն Գորոյանը փորձել է մոտենալ նրանց, այդ ընթացքում ներկաները բաժանել են վիճաբանողներին ու Արթուր Իրիցյանն իր ձեռքին գտնվող զենքը դրել է հուշարձանի պատի տակ ու Աշոտ Ավետիսյանից փորձել է պարզել իր եղբորը ծեծի ենթարկելու պատճառը եւ այդ ամենը տեսնելով Արմեն Գորոյանը ապօրինաբար Արթուր Իրիցյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, մոտ 3 մետր հեռավորությունից, իր կողմից ապօրինի կրած «Մակարով» տեսակի հրազեն հանդիսացող ատրճանակից մեկ անգամ կրակել է Արթուր Իրիցյանի որովայնի աջ կողմնային շրջանին՝ պատճառելով հրազենային, գնդակային, թափանցող, կույր վնասվածք, որի հետեւանքով Արթուր Իրիցյանը Մարտունու բժշկական կենտրոնում նույն օրը մահացել է: