ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ օգոստոսի 1-ին, աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Գյուղնախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարին ուղեկցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:
Նախարարը, մասնավորապես, այցելել է Ապագա, Երասխահուն, Արևիկ, Մրգաշատ համայնքներ, հանդիպել ֆերմերների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:
Ապագա համայնքում գյուղացիները նախարարին պոմպի տեղադրման, վերամշակողների հետ խաղողի մթերման պայմանագրերի կնքման հարցեր են ներկայացրել: Նախարարի խոսքով` արդեն կառավարության քննարկմանն է ներկայացվել վերամշակող ընկերություններին մատչելի պայմաններով վարկերի տրամադրման ծրագիրը, որից օգտվելու համար վերամշակողներին պայման է առաջադրվել` գյուղացիական տնտեսությունների հետ աշխատել բացառապես պայմանագրերի միջոցով: Ծրագրի հաստատումից հետո ֆերմերների հետ կկնքվի եռակողմ պայմանագիր, որը հնարավորություն կտա կարգավորել մթերումների գործընթացը:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն էլ խոստացել է` Ապագայում նոր պոմպ կտեղադրեն, եթե գյուղապետը երաշխավորի, որ ոռոգման պատճառով անմշակ մնացած հողերը կմշակվեն:
Երասխահուն, Արևիկ, Մրգաշատ համայնքներում գյուղացիներին հուզող գլխավոր հարցը դարձյալ ոռոգումն է: Երասխահունի գյուղապետ Արմեն Ավետիսյանի խոսքով` համայնքում գյուղատնտեսական նշանակության հողերի ընդհանուր տարածքը 755 հեկտար է, որից 250 հեկտարը չի ոռոգվում: Արևիկում գյուղատնտեսական նշանակության հողերից մոտ 150-170 հեկտարն է անմշակ մնում, իսկ 300-320 հեկտարի ոռոգումն իրականացվում է թերի:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը խոստացել է հնարավորինս կարճ ժամկետում լուծել նաև Մրգաշատում պոմպի տեղադրման հարցը, ինչը ոռոգելի կդարձնի շուրջ 120 հեկտար տարածք:




























