Երեւանում քաղաքային տրանսպորտային միջոցները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը։ Նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 668 ավտոբուսից միայն 25-ի մեջ են տեղադրված վերելակներ, որոնցից սակայն միայն 7-ն է շահագործվում։

«Հավաստիացրել են, որ սեպտեմբերին գոնե 25 ավտոբուսների վերելակները կաշխատեն, կշահագործվեն, սակայն, այս թիվն այնքան չնչին է, որ որեւէ դրական փոփոխություն չի կարող բերել»,-ասաց նա։

Զարուհի Բաթոյանը նաեւ նշեց, որ անհրաժեշտ է, որպեսզի վերելակներով կահավորված ավտոբուսների վերաբերյալ չվացուցակներ տեղադրվեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող քաղաքացին իմանա, թե որտեղից կարող է այդ ավտոբուսներից օգտվել։ Նա նաեւ նշեց, որ կանգառները եւս հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին։