Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2017 թվականի օգոստոսի 7-ից Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Խաչմերուկի հատվածում պլաստմասսե պահպանապատերից կառուցված եռանկյունաձեւ անվտանգության կղզյակի շնորհիվ Բաղրամյան պողոտայով Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար լուսացույցը, «Կանգ-Գիծ» գծանշումը եւ տվյալ հատվածի հետիոտնային անցումը մոտ 25 մետր կտեղափոխվեն դեպի նշված խաչմերուկ, որը կմեծացնի տվյալ խաչմերուկի թողունակությունը եւ միաժամանակ՝ նշված փոփոխության շնորհիվ Բաղրամյան պողոտայի երթեւեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով դեպի Մոսկովյան ու Սարյան փողոցներ երթեւեկող տրանսպորտային միջոցները նշված մանեւրը կկատարեն անընդհատ՝ առանց լուսացույցի արգելող ազդանշանին հանդիպելու: