Նորակոչիկի մորից 12 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված փոխգնդապետ Շանթ Ավետիսյանի պաշտպանը Վերաքննիչ է դիմել:
Ավետիսյանի պաշտպանը պահանջում է մեղմացնել պատժաչափը ու այն պայմանականորեն չկիրառել:
Հիշեցնենք, որ դատաքննությամբ պարզվել էր, որ ՊՆ Մաշտոցի զիվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Շանթ Ավետիսյանը կաշառք ստանալու պատրվակով Լիլիթ Մաթեւոսյանից պահանջել էր շուրջ 6 մլն դրամին համարժեք 12 հազար ԱՄՆ դոլար` վերջինիս որդուն 2016թ-ի ամառային զորակոչից 3 տարի ժամկետով տարեկետում հատկացնելու համար: Հունիսի 1-ին երեկոյան Ավետիսյանն իր անձնական ավտոմեքենայի մեջ Լիլիթ Մաթեւոսյանից ստացել է 5 հազար ԱՄՆ դոլար, իսկ րոպեներ անց բերման է ենթարկվել ոստիկանություն:
Ավելի վաղ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետեւողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երեւան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը:




























