Օգոստոսի 11-ին փաստաբան Գագիկ Մելիքյանն ու Նորայր Նորիկյանը դիմել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին եւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ ս․թ․փետրվարի 10-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից 2016 թվականի «Տարվա լավագույն դատավոր»  ճանաչված Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար՝ վերջինիս կարգապահական տույժի ենթարկելու նպատակով:

Այս մասին հաղորդագրություն է տարածել « Նորիկյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Նորայր Նորիկյանը:

«2016թ․լավագույն  դատավոր ճանաչված դատավոր Անի Մխիթարյանը կոպտորեն խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերի, նույն օրենսգրքի 153․2 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ ենթակետերի, ՀՀ դատավորի վարքագծի կանոնների 2-րդ, 5-րդ կանոնի 2-րդ պարբերության պահանջները։

Քաղաքացիական գործն իր վարույթ ընդունելու պահից՝ 2015թ․ ապրիլի 14-ից, մինչ նշված դիմումը ներկայացնելու օրն անցել է շուրջ 2 տարի 4 ամիս, որի ընթացքում լավագույն դատավոր Անի Մխիթարյանը նշանակել է թվով 6 դատական նիստ։ Նշանակված վեց նիստերից առաջին հինգն, ըստ էության, չի կայացել: 

Թե ինչ նպատակ է հետապնդում 2016թ․ տարվա լավագույն դատավոր ճանաչված Անի Մխիթարյանը՝ իրենից որեւէ բարդություն չներկայացնող գործը 2 տարի 4 ամիս ձգձգելու համար, մենք չգիտենք, բայց որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետեւյալը․

2014թ․ հուլիսի 1-ին նույն դատավոր Անի Մխիթարյանը, քննության առնելով մեր վստահորդի հայցն՝ ընդդեմ վերը նշված գործով պատասխանողի՝ «Գումարի բռնագանձման պահանջի մասին», բավարարել է ամբողջությամբ եւ վճռել պատասխանող նշված անձից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել 11․640 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաեւ այդ գումարի վրա հաշվեգրվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 01.01.2014թ. մինչեւ պարտավորության դադարման օրը:

Վերը նշված վճիռը նշված անձի կողմից բողոքարկվել է ներպետական բոլոր դատական ատյաններում, սակայն մերժվել է, եւ դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից կատարողական գործողությունների արդյունքում, մինչ սույն դիմումի ներկայացման օրը մեր վստահորդին վճարվել է ընդամենը 64.500 ՀՀ դրամ գումար, ինչը նշանակում է, որ վերը նշված դատական ակտը մինչ օրս ամբողջությամբ չի կատարվել։

Իսկ ինչու՞ չի կատարվել դատական ակտը։ Չի կատարվել, քանի որ վերը նշված դատական ակտի կատարումից խուսափելու նպատակով   փոխադարձ համաձայնությամբ, մեր վստահորդի պարտապանի կինը 2015թ․ փետրվարի 17-ին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ամուսնու` (այսինքն մեր վստահորդի պարտապանին) «Ամուսնության ընթացքում ամուսինների կողմից ձեռքբերված գույքի նկատմամբ համատեղ սեփականություն իրավունքը ճանաչելու պահանջի մասին», որը նույն դատարանի 2015թ․ մարտի 30-ի որոշմամբ հանձնվել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:

2015թ․ ապրիլի 14-ին  գործը մակագրվել է դատավոր Անի Մխիթարյանին, իսկ 2 օր անց հայցն ընդունվել է վարույթ  եւ 2015թ․ սեպտեմբերի 24-ին նշանակվել է նախնական դատական նիստ: Նշված գործով դատարանի կողմից արգելանք է կիրառվել մեր նշված անձի գույքի վրա, ով պարտք է մեր վստահորդին, որի արդյունքում էլ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կողմից որոշում է ընդունվել  մեր վստահորդի գործով հարուցված կատարողական վարույթը կասեցնելու մասին, ինչի պատճառով չի կատարվել դեռեւս 2014թ. դեկտեմբերի 17-ին օրինական ուժ ստացած քաղաքացիական գործով վճիռը։

Անի Մխիթարյանի իրականացրած «արդարադատության» եւ «բարեխիղճ դատավորի» վարքագծի պատճառով մեր վստահորդի օգտին կայացված  դեռեւս 2014թ. դեկտեմբերի 17-ին օրինական ուժ ստացած քաղաքացիական գործով վճիռը մնում է չկատարված։ Հուսանք, որ ՀՀ արդարադատության խորհուրդը կգտնվի իր բարձրության վրա եւ համապատասխան վերաբերմունք կդրսեւորի դատավոր Անի Մխիթարյանին արդարադատության եւ բարեխղճության իրական սահմանները վերադարձնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ: