Դա է ապացուցել 29 երկրներից 549 կամավորի մասնակցությամբ գիտափորձը...
Գործնական նամակագրությունում էմոձիների օգտագործումը չի նպաստում դրական տպավորություն ստանալուն եւ նույնիսկ կարող է հեղինակազրկել։ Այս մասին հաղորդում է Social Psychological and Personality Science-ը՝ վկայակոչելով իսրայելցի գիտնականներին։
Դա է ապացուցել 29 երկրներից 549 կամավորի մասնակցությամբ գիտափորձը։ Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ ի տարբերություն անձնական շփման ընթացքում ժպիտների՝ վիրտուալ ժպիտները զրուցակցին դրական չեն տրամադրում նամակի հեղինակի նկատմամբ եւ դրական չեն ազդում նրա մրցունակության մասին կարծիքի վրա։
Պարզվել է նաեւ, որ եթե ուղարկողի սեռը հայտնի չի եղել, հետազոտության մասնակիցները, էմոձին տեսնելով, կարծում էին, որ հեղինակը կին է։
Աշխատանքի հեղինակները բացատրում են, որ վիրտուալ ժպիտների ընկալումը տարբերվում է իրականից։ Ուստի գործնական նամակագրությունում ճիշտ կլինի խուսափել սմայլիկներ օգտագործելուց։


























