Ադրբեջանը ցանկանում է, որ ինչ-որ մի պայմանագրով հայկական կողմը Բաքվին զիջի այն ամենը, ինչ վերջինը կորցրել է իր կողմից հրահրված ու սկսված պատերազմում։ Այս մասին օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Բաքուն ցականում է վերականգնել մինչպատերազմական ստատուս քվոն։ «Իհարկե, դա տրամաբանության հետ ընդհանուր ոչինչ չունի։ Դա նաեւ ոչ մի ընդհանուր բան չունի մերօրյա իրականության հետ։ Սակայն ստատուս քվոն, որը գործում է նաեւ այսօր, եւս տվյալ խնդրի լուծում չէ։ Հետեւաբար, մենք պետք է հասկանանք, որ լուծումը գտնվում է դրանց մեջտեղում»,-նշեց փորձագետը։

Մեհրաբյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանություններ չեն կարող լինել եւ ժամանակն է, որ Բաքվում հաշտվեն այդ իրականության հետ։ «Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել այդ իրականության հետ։ Եվ Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը եւս ելնում է դրանից։ Սակայն Արցախը նույնիսկ տեսականորեն բացառում է Ադրբեջանի հետ որեւէ կերպ կապ ունենալու հնարավորությունը։ Դա ակնհայտ իրականություն է։ Մնացած ամեն ինչ կարելի է քննարկել»,-եզրափակեց քաղաքագետը։