WikiLeaks կայքը հրապարակել է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր խմբաքանակ, որոնցում առկա են ExpressLane նախագծի մանրամասներ՝ նախատեսված կենսաչափական տվյալների հավաքման ծրագրի  օգնությամբ ամերիկյան մյուս հատուկ ծառայությունների ակտիվությանը հետեւելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթղթերի այս փաթեթը մտնում է Vault 7 հրապարակումնոերի շարքի մեջ:

ԿՀՎ-ի դիտարկումների մեջ հայտնված գերատեսչությունների թվում են Ազգային անվտանգության գործակալությունը, Ներքին անվտանգության նախարարությունը եւ Հետաքննությունների դաշնային բյուրոն:

ԿՀՎ-ի օպերատիվ տեխնիկայի բաժինը ամբողջ աշխարհում գործընկեր գերատեսչություններին կենսաչափական տվյալներին հասանելիություն է տրամադրում: Համակարգի մեջ ներդրված ծրագիրը ԿՀՎ-ին թույլ է տալիս այս ծառայությունների այլ բազաներից տեղեկություններին հասանելիություն ունենալ առանց նրանց գիտության: Տվյալները հավաքելու գործընթացը քողարկված է ԿՀՎ-ի ծրագրերի թարմացմամբ:

WikiLeaks-ը ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի առաջին մասը հրապարակել է  մարտի 7-ին: Հաղորդվում էր, որ այս հրապարակումը կդառնա գաղտնի տեղեկությունների ամենախոշոր արտահոսքը: Այն ներառում էր ավելի քան 8,7 հազար փաստաթուղթ եւ ֆայլ, որոնք պահպանվել են Կիբերհետախուզության կենտրոնի մեկուսացված ներքին ցանցում, որը բազավորված է ԿՀՎ-ի Լենգլիի (Վիրջինիայի նահանգ) կենտրոնակայանում: