Բոլոր քաղաքակիրթ պետություններում երեխաները դպրոցական համազգեստով են դպրոց հաճախում, եւ հայկական դպրոցների՝ դպրոցական համազգեստի անցումը բնական գործընթաց է։ Օգոստոսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ դպրոցական համազգետի նպատակն է աշակերտների միջեւ սոցիալական տարբերությունն ի չիք դարձնել, որը կարող է նկատելի լինել արտաքինից։

«Մեր ժամանակ եւս հարուստ ընտանիքներից երեխաներ կային, բայց նրանք հագնում էին նույն համազգետսը, ինչ մենք»,- նշեց Չիլինգարյանը։ Նա նաեւ ասել է, որ դպրոցական համազգեստը ձեռք են բերել իրենց հաշվին։

«Նույնիսկ խորհրդային շրջանում պետությունը դպրոցական համազգեստ չէր հատկացնում։ Այն իրենց հաշվին գնել են ծնողները»,- հստակեցրեց փորձագետը՝ հավելելով, որ դպրոցական համազգեստ պետությունը հատկացրել է միայն ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։