ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերում» կոլաժ է հրապարակել, որը ցույց է տալիս, թե իրեն ինչպես է հաջողվել տառացիորեն  ստվերել պետության ղեկավարի պաշտոնում իր նախորդին՝ Բարաք Օբամային, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Պատկերը, որը Թրամփը վերաթվիթել է, 4 կոլաժի շարք է: Առաջին 3 լուսանկարներում հետեւի պլանում երեւում է Օբամայի սեւ-սպիտակ լուսանկարը, առաջին պլանում ժպտացող Թրամփի գունավոր պատկերը: Ըստ որում՝ առաջին լուսանկարում կողքից երեւում է ներկայիս նախագահի դեմքի միայն մի մասը, հաջորդ լուսանկարներում Թրամփն աստիճանաբար կենտրոն է տեղափոխվում եւ արդյունքում վերջին կադրում նախորդին ամբողջությամբ ծածկում է:

Կոլաժի տակ մակագրված է՝ «Պատմության լավագույն խավարումը»:

Այսպիսով՝ կոլաժի հեղինակը խաղարկել է մի քանի օր առաջ տեղի ունեցած 99 տարում առաջին արեւի ամբողջական խավարման թեման, որը հնարավոր է եղել տեսնել ԱՄՆ-ի արեւմտյան ափից մինչեւ արեւելյան: