Առնվազն 3 մարդ է զոհվել Բրազիլիայի հյուսիս-արեւելքում Բաիյա նահանգում ուղեւորատար նավի խորտակման հետեւանքով: Հինգշաբթի Globo հեռուստաալիքը հայտնել է, որ նավում մոտ 130 մարդ է եղել:

Վերջին տեղեկություններով՝ 21 մարդու հաջողվել է փրկվել: Մյուսների որոնումները շարունակվում են:

Նախօրեին հայտնի է դարձել մեկ այլ արտակարգ պատահարի մասին, որը Բրազիլիայի հյուսիսում Պարա նահանգում տեղի է ունեցել ուղեւորատար գետային լաստանավի հետ: «Կապիտան Ռիբեյրու» կոչվող նավը երեքշաբթի երեկոյան Սանտարեմ-Վիտորիա դի Շինգու ուղերթով էր լողարկում, երբ Շինգու գետում հայտնվել է ուժգին փոթորկի մեջ: Խորտակվելիս նավում մոտ 70 մարդ է եղել, առավելապես տեղացիներ:

Նախապես հաղորդվում էր փրկված 25 մարդու մասին: Սակայն հինգշաբթի տեղական իշխանությունները հստակեցրել են, որ փրկվել է ընդամենը 23 մարդ: Փրկարարները գտել են 10 մարդու մարմինները, եւս 30 մարդ անհետ կորած է համարվում: