ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչ Սեւակ Ոսկանյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

Այսպես, Սեւակ Ոսկանյանը հաղորդում է տվել, որ 2017 թվականի օգոստոսի 18-ին ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից բռնի ուժով բերման է ենթարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, որտեղ հանցագործության կատարման վերաբերյալ խոստովանություն կորզելու նպատակով նույն պաշտոնատար անձինք խոշտանգել են իրեն` 10-11 ժամ ապօրինի զրկել են ազատությունից,  վախեցրել` սպառնալով կիրառել այլ բռնի գործողություններ եւ իրեն մեղսագրել մեկ այլ հանցանքի կատարում: Հետաքննության մարմնի պաշտոնատար անձանց կողմից գործադրված բռնության, սպառնալիքների եւ այլ ապօրինի գործողությունների հետեւանքով ինքը տվել է կեղծ խոստովանական ցուցմունք, որով հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է այլ անձանց:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու, ինչպես նաեւ հետաքննության մարմնի կողմից բռնության գործադրմամբ եւ այլ ապօրինի գործողություններով դատավարությանը մասնակցող անձին ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն: