ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունն ուղղված է ղարաբաղյան հակամարտության կողմերի հասարակությունների դիրքորոշումները պարզելուն՝ կապված դրա կարգավորման հանդեպ մոտեցումների հետ: Օգոստոսի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հոգլանդն այդպիսով ցանկացել է շոշափել տրամադրությունները եւ հասկանալ, թե կողմերը որքանով են դրական կամ բացասական տրամադրված՝ ավելի քան 20 տարի ձգվող հակամարտության կարգավորմանը:

«Եվ նա հասավ իր նպատակին: Ինչ վերաբերում է նրա հայտարարությանը, ապա ինձ ավելի շատ մտահոգում են ոչ թե այն կետերը, որոնք նա նշել է, այլ ԱԳ նախարարության անմիջական արձագանքը, երբ ասում են, որ ոչ մի նոր բան չկա: Այսինքն՝ ստացվում է, որ եթե ոչ մի նոր բան չկա, նշանակում է՝ դուք համաձայնվել եք այդ դրույթները քննարկել»,- պարզաբանեց Դեմկուսի նախագահը:

Սարգսյանը նշեց, որ եթե հանրաքվե անցկացվի եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չճանաչվի, ապա որեւէ հարցում պայմանավորվելն անիմաստ է:

«Եթե սա հայկական կողմի համար ամենակարեւոր թեման չէ, ապա ստացվում է, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի  ինչ-որ ժամանակավոր կարգավիճակ: Երկրորդ ոչ պակաս կարեւոր կետը: Եթե համաձայնվում եք, որ տարածքները պետք է վերադարձվեն, ապա ստացվում է՝ համաձայնվում եք, որ դուք օկուպանտներ, ագրեսորներ եք, եւ դուք եք այս ամբողջ պատմության հեղինակը ու պատերազմ եք սկսել, որի արդյունքում գրավել եք այդ տարածքները»,- հայտարարեց կուսակցության նախագահը: