Տրանսպորտի ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառումը եւ խոշոր ենթակառուցվածքների իրականացումը Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրների տրանսպորտային համակարգերի հաջող զարգացման գրավականն է: Այս գործընթացները կնպաստեն տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի եւ Միությունում ընդհանուր տրանսպորտային տարածքի ստեղծմանը: Ըստ որում՝ թվային տեխնոլոգիաները կներդրվեն բեռնափոխադրման բոլոր փուլերում, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի եւ ենթակառուցվածքների կոլեգիայի անդամ Ադամկուլ Ժունուսովը՝ «Տրանսպորտի զարգացման դրայվերներ. թվային փոխակերպում եւ ԵՏՄ-ի միացում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտուն» համաժողովի ժամանակ, որն ընթացել է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում:
«Միության շրջանակում թվային օրակարգն այսօր ամենակարեւոր ուղղություններից մեկն է՝ բոլոր անդամ երկրների տնտեսությունների համար նոր հնարավորություններ են ստեղծվում: Տրանսպորտի բոլոր տեսակներով բեռնափոխադրումների ռազմավարության մեջ փոխադրման ձեւակերպումը եւ տեղափոխելու հսկողությունը կատարելիս առաջնահերթությունը տրվում է թվային տեխնոլոգիաների օգտագործմանը»,- նշել է Ժունուսովը: Նա կարծում է, որ անհրաժեշտ է նման տեխնոլոգիաներ ներդնել բեռների շարժման բոլոր փուլերում՝ ուղարկելուց մինչեւ ստացում, եւ սա պետք է առանց հապաղելու անել:
Ժունուսովը նշել է, որ Չինաստանի հետ Միության երկրների համագործակցությունը նույնպես ահռելի հնարավորություններ է բացում տնտեսական կապերի, առեւտրի զարգացման, Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տրանսպորտային նոր երթուղիների ստեղծման համար, ինչը թույլ կտա էապես մեծացնել տնտեսական պոտենցիալը:
Ենթակառուցվածքային մասի ֆինանսավորումը նախատեսված է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի եւ Մետաքսի ճանապարհի հիմնադրամի հաշվին: Որպես առաջին քայլ չինական կողմը Մետաքսի ճանապարհին տեղակայված երկրներին առաջարկել է ընդհանուր շահերը հաշվի առնելով փորձնական ծրագրերի ցանկ կազմել:
39 նախագծերի նման ցանկն արդեն պատրաստել է հատուկ ստեղծված աշխատանքային խումբը եւ արժանացել Միության անդամ երկրների տրանսպորտի նախարարների հավանությանը: Դրանց թվում, ըստ Ժուսունովի, ամենանշանակալիցը նոր ավտոճանապարհի կառուցումն է՝ «Եվրոպա-Արեւմտյան Չինաստան» տրանսպորտային երթուղու շրջանակում՝ 8445 կմ երկարությամբ, Մոսկվա—Կազան արագընթաց մայրուղին՝ 770 կմ երկարությամբ, Չինաստան-Ղրղզաստան-Ուզբեկստան երկաթուղին: ԵՏՀ նախարարը հատուկ շեշտել է «Հայաստան-Իրան հարավային երկաթուղին», որը պետք է Հայաստանի գործող երկաթուղին միացնի Իրանին:



























