Դանիայի դատախազությունը շվեդ գյուտարար Պետեր Մադսենին մեղադրել է մահացած լրագրող Քիմ Վալի մարմինն անարգելու մեջ, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Կոպենհագենի ոստիկանության կայքը:

Մեղադրանքը ներկայացվել է օգոստոսի 24-ի դատական նիստում: Ոստիկանությունը հրաժարվել է որեւէ լրացուցիչ տեղեկություն տալուց՝ վկայակոչելով քննության շահերը:

Նախօրեին հայտնի է դարձել, որ ջրում հայտնաբերված դիակը, որի գլուխն ու վերջույթները բացակայում էին, ծանրացվել էր դրան ամրացված մետաղական իրերով: Քննիչ Յենս Մյոլերն ասել է, որ իրանին վնասվածք կար, որն առաջացել է կնոջ մահից հետո, ասես ցանկացել են «ամբողջ օդը բաց թողնել», որ մարմինը ջրի տակ մնա:

Մադսենը, ում մեղադրում են կնոջ ոչ դիտավորյալ սպանության մեջ, շարունակում է պնդել դժբախտ դեպքի վարկածը: Նրան սուզանավի կառուցման ժամանկ օգնած Յենս Ֆալկենբերգն ասել է, որ նման տարբերակն իսկապես հնարավոր է: Նա ենթադրել է, որ Վալը կարող էր աստիճանին սայթաքել եւ գլխով դռան բռնակին հարվածել:

Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ լրագրողուհին վերջին շրջանում մի պատմության վրա էր աշխատում, որում շրջանառվում էր նաեւ Մադսենը, եւ որը վերաբերում էր թմրանյութերի մաքսանենգությանը: