Անցյալ գիշեր վանդալները Սիդնեյի կենտրոնում մի քանի հուշարձան են պղծել, ներառյալ՝ անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի հուշարձանը։ Այս մասին հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության ներկայացուցիչը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ անհայտ անձինք աերոզոլային ներկի միջոցով Ջեյմս Կուկի հուշարձանի պատվանդանին գրել են․ «Փոխե՛ք տարեթիվը» եւ «Ցեղասպանությամբ հպարտանալու կարիք չկա»։ Վանդալները պղծել են նաեւ Լաքլան Մաքուորիի հուշարձանը, որը XIX դարում Նոր Հարավային Ուելս բրիտանական գաղութի նահանգապետն էր եւ մի շարք այլ հուշարձաններ։
Վերջին ժամանակներում Ավստրալիայում կոչ են անում Սիդնեյի Սթեն Գրանթ զբոսայգուց ապամոնտաժել Ջեյմս Կուկի հուշարձանը։ Ապամոնտաժման կողմնակիցների զայրույթի պատճառը արձանի պատվանդանի գրությունն է․ «Բացահայտեց այս տարածքը։ 1770»։ Նրանց կարծիքով՝ Ավստրալիան բացահայտել են աբորիգենները՝ անգլիացիների՝ այնտեղ հայտնվեուց շուրջ 60 հազար տարի առաջ։




























