Գյումրիի գազանանոցից փրկված էգ առյուծները հարաբերություններ են հաստատում Երեւանի կենդանաբանական այգու արուների հետ:
Հիմա առյուծներն ապրում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Այստեղ են ժամանակավոր տեղավորել նաեւ Երեւանի կենդանաբանական այգու արուներին, մինչ կկառուցվի նոր վանդակը:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մայրիկն ու դուստրերը՝ Մարին, Զիտան եւ Գիտան, մոտ մեկ տարի է ապաստարանում են: «Ապրել են չջեռուցվող փոքր հաստատությունում: Ապաստարան եկան նիհար, մոտ 60 կգ էին կշռում: Հիմա՝ մոտ 100-110 կգ: Գտնվում են անասնաբույժների հսկողության ներքո, նրանք ջեռուցվող ննջարաններ ունեն: Որոշ ժամանակ հետո մյուս առյուծների հետ Երեւանի կենդանաբանական այգի կուղարկվեն, երբ այնտեղ ավարտվի նոր վանդակի կառուցումը»,- հայտնեց Մանուկ Մանուկյանը:
«Գյումրվա» եւ «երեւանյան» առյուծների վանդակները կից են, ինչը նրանց թույլ է տալիս միմյանց ավելի լավ ծանոթանալ: Ապագայում նախատեսվում է «գյումրվա» էգ առյուծներին բնակեցնել «երեւանյան» արուների հետ՝ մեկ պրայդ ստեղծելով: Սակայն առայժմ չի ծրագրվում առյուծների բազմացում, քանի որ ո՛չ երեւանյան գազանանոցը, ո՛չ մյուս գազանանոցները, որոնց հետ այն համագործակցում է, աֆրիկյան առյուծների անհրաժեշտություն չունեն:
«Գլխավորն այն է, որ առյուծներն այլեւս միմյանց հանդեպ ագրեսիվ չեն: Մենք դրական արդյունքի հույս ունենք եւ որոշ ժամանակ անց ծրագրում ենք նրանց մեկ վանդակում բնակեցնել»,- նշեց Մանուկյանը: Խոսելով պահելու դժվարությունների մասին՝ Մանուկ Մանուկյանը արձանագրեց, որ շատ դժվար է վայրի կենդանուն անազատության մեջ պահել, այդ թվում՝ ֆինանսապես: Յուրաքանչյուր առյուծ ամեն օր պետք է 8-10 կգ միս ստանա: Շատ կարեւոր է մաքրության հարցը: Հատկապես, երբ խոսքը վայրի կատուների մասին է, քանի որ վայրի կենդանին ավելի նուրբ եւ պահանջկոտ է: Բնական պայմաններում աֆրիկյան առյուծը 10-14 տարի է ապրում, գազանանոցներում՝ ավելի երկար:




























