Բյուրեղավան քաղաքի 18-ամյա բնակչուհի, ֆուտբոլիստ Նորա Եղյանը օգոստոսի 15-ին Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում  պարգեւատրվել է որպես լավագույն ռմբարկու: NEWS.am-ի հետ զրույցում Նորան պատմեց, որ ֆուտբոլը սիրել է դեռ մանկուց, սակայն պրոֆեսիոնալ ֆուտբոլով սկսել է զբաղվել 2013թ-ից.

«Միշտ ֆուտբոլ շատ եմ սիրել, սակայն երբեք չեմ մտածել, որ այն իմ կենսակերպը կդառնա: Շնորհակալ եմ հայրիկիս ընկերոջից, որ միջնորդեց ու ցույց տվեց այն ճանապարհը, որով եւ գնացի ու ընդգրկվեցի Կանանց ֆուտբոլի «Երեւան ԼՀ» ակումբում: Այսօր ես համդես եմ գալիս այդ ակումբի կազմում եւ ընդգրկված եմ նաեւ ֆուտբոլի «Հայաստանի» մինչեւ 19 տարեկան կանանց հավաքականում»,-նշեց Նորան

Նորան մարզական ընտանիքից է: Հայրը եւ մայրը ձյուդոիստներ են, հիմա Բյուրեղավանում մարզչական աշխատանքներով են զբաղվում: Երկու անգամ դարձել են հանրապետության լավագույն մարզական ընտանիք. «2016-2017թթ կանանց ակումբային խաղերի արդյունքներով, մեր ակումբը գրավեց առաջին տեղը. ԼՀ ակումբը պարգեւատրվեց գավաթով, իսկ  ինձ լավագույն ռմբարկու են ճանաչել եւ պարգեւատրել խաղակոշիկով ու գնդակով: Ի դեպ, լավագույն ռմբարկու եմ ճանաչվել  այդ խաղերում ամենաշատ գոլեր խփելու համար: Ամբողջ խաղերի ընթացքում ես 8 գոլ եմ խփել: Ես հանդես եմ գալիս որպես կիսապաշտպան: Դե մտածում էի, որ շատ գոլեր եմ խփել, մի բան կլինի, բայց ինձ համար շատ անսպասելի էր տիտղոսը: Այն ինձ համար մեծ ձեռքբերում էր»,-նշեց Նորան:

Նորա Եղյանի համար ֆուտբոլը ոչ միայն ֆիզիկական աշխատանք է, այլեւ կյանք, առանց որի չի պատկերացնում իր ապագան.  «Ես ապրում եմ ֆուտբոլով, իմ թիմը որգեգրել է գաղափարախոսություն, մենք ուզում ենք ապացուցել, որ ֆուտբոլը միայն տղամարդու սպորտաձեւ չէ, ուզում ենք ապացուցել, որ կինը ինչքան էլ զբաղվի ֆուտբոլով, երբեք չի կորցնի իր կանացիությունը, դրա վառ օրինակը իմ մարզիչն է»:

Առաջիկայում Նորան  պատրաստվում է Կանանց հավաքականի կազմով մասնակցել Հունգարիայում կայանալիք Եվրոպայի ընտրանու խաղերին: Շատ է երազում Եվրոպական թիմերում պայմանագրեր ունենալ ու կանանց հայկական ֆուտբոլը ներկայացնել Եվրոպայում ու աշխարհում: Սիրում է Ամերիկայի կանաց հավաքականը եւ իսպանական Բարսելոնա ակումբը, խաղացողներից՝ Կարլի Լլոյդին, Ալեքս Մորգանին, Մեսսիին եւ Նեյմարին:

Ինգա Հայրիյան