Գյումրիում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի անմիջական հարեւանությամբ Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանն է: Երբ 1983թ.-ին Շիրազն այցելել էր Գյումրի՝ Իսահակյանի տուն-թանգարան, նրան տարբեր տներ են ցույց տվել՝ հուշատուն ստեղծելու համար, բայց նա նախընտրել է Իսահակյանի տան հարեւանությամբ գտնվողը:
«Այս ծառի տակ ես ջուր եմ ծախել: Բացի դրանից, Վարպետի տուն եկողն իմ տունն էլ կգա»,- ասել է բանաստեղծը:
Ցավոք սրտի, Շիրազը չի հասցրել տեսնել հուշատունը: 1984թ.-ի մարտին մահացավ եւ այդպես էլ կրկին այստեղ չեղավ: Հուշատան բացման արարողությունը պետք է լիներ 1988թ.-ին, բայց երկրաշարժի հետեւանքով անօթեւան 10 ընտանիք այստեղ տեղափոխվեց՝ ապրելու: Միայն Միջազգային զարգացման գործակալության շնորհիվ այս ընտանիքներին բնակարան հատկացվեց, իսկ շենքն էլ վերադարձվեց քաղաքապետարանին՝ Շիրազի հուշատուն-թանգարանն ի վերջո կյանքի կոչելու համար:
«Թանգարանը բացվեց 2003թ.-ի աշնանը: Այստեղ դուք կտեսնեք նրա բոլոր իրերը. վերականգնել ենք նրա սենյակն ամբողջությամբ, կա նրա Նարեկացին, գրասեղանը, կենցաղային իրերը: Մնացած սենյակներում գրողի ստեղծագործական աշխատանքներն են, նրան նվիրված նկարները»,- թանգարանում մեզ հետ շրջելով պատմում է տնօրենը՝ Արա Պապանյանը:
Բացումից հետո շենքը մեկ անգամ վերանորոգվել է, բայց խնդիրները դրանով չեն լուծվել: Չնայած Վարպետաց փողոց մտած զբոսաշրջիկին Շիրազի թանգարանի ցուցանակը գրավում է, երեւացող տեղում հենց բանաստեղծի արձանն է, բայց սա բավարար չէ: Արա Պապանյանի խոսքով, ժամանակակից տեխնիկայի անհրաժեշտություն կա, որն իրենք, ցավոք, չունեն: Այդ տեխնիկայի «բացը» յուրովին են այստեղ լրացրել. թանգարանի բակում ծառի վրա փակցված են հանրահայտ գրողների թանգարաններից Շիրազի հուշատան հեռավորությունը:
Հնարավոր է՝ առաջիկայում այցելուների պակաս էլ լինի, որովհետեւ հուլիսի 1-ին Գյումրիի քաղաքապետարանն իր ենթակայությամբ գտնվող թանգարանները վճարովի է դարձրել. անձը՝ 300 դրամ, ի դեպ, գյումրեցի դպրոցականի համար քիչ գումար չէ: Թանգարանի խնդիրների մասին խոսելիս՝ Արա Պապանյանը բավականին զուսպ է, կարծես չի ցանկանում կոլորիտը փչացնել, բայց... «Մշակույթի նախարարությունն առաջնահերթ իր թանգարաններին է նայում, իսկ համայնքային թանգարանները կառավարության ձեռքից, աչքից հեռու են եւ դա լավ է իրենց համար, որովհետեւ ծախս է պահանջում թանգարանը, իսկ մերոնք փող չեն ուզում ծախսել: Կառավարությունն ու քաղաքապետարանը հենց դրա համար են, որ մշակույթի համար փող ծախսեն, միայն փող հավաքելով չի լինի»,- ասում է թանգարանի տնօրենը:
Բավականին բարդ է նաեւ ջեռուցման հարցը, համայնքի տրամադրած բյուջեն չի բավականացնում կայուն ջեռուցել շենքը, սրան միանում է նաեւ խոնավությունը. Գյումրիի այս թաղամասում հատկապես շատ խոնավ է եւ նույնիսկ ամռանն է այստեղ աշխատելն ավելորդ խնդիրներ առաջացնում:
Հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է Գյումրիում (նախկինում՝ Կումայրի), 1915թ. ապրիլի 27-ին։ Նա մահացել է Երևանում 1984թ. մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։ Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի, մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյան/NEWS.am




























