Խուստուփ արգելավայրում հրդեհի հետեւանքով այրվել է 10 հա տարածք։ Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 26-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան հետնամասից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել 17 հրշեջ-փրկարար:

Պարզվել է,  որ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ, առկա է տարածման վտանգ:

Սահմանվել է հերթապահություն։

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը հրդեհը ինքնամարվել է: Այրվել է 10 հա խոտածածկ տարածք:

Նույն խնդրի առնչությամբ Բնապահպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Մարինե Մարտիրոսյանը նշել էր, որ այսօր՝ օգոստոսի 27 - ի առավոտյան ժամը 7- ի դրությամբ Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ -ի Խուստուփ արգելավայրում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, ինչին նպաստել է նաեւ տեղացած անձրեւը։

«Ներկայում իրավիճակը լիովին վերահսկելի է: Համալիրի աշխատակիցները շարունակում են իրականացնել շուրջօրյա հսկողություն»,-գրել էր նա Facebook-ի իր էջում։