Աշխարհում չկա մի լեզու, որի մասին  մենք կարող ենք ասել՝ աղքատ լեզու է, այլ բան, որ հասարակությունը լեզուն ֆորմալ ձեւով չի կարողանում օգտագործել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն՝ անդրադառնալով տնտեսագետ Հրանտ Բագրատյանի այն գնահատականին, թե հայոց լեզուն աղքատ է:

Նշենք, որ Բագրատյանը նաեւ առաջարկել էր Հայաստանը անվանափոխել Արմենիա:

«Ճիշտն ասած, զարմանում եմ, որ այդ հայտարարության շուրջ աղմուկ է բարձրացել, շատ ավելի լուրջ խնդիրներ կան մեր երկրում, ճիշտ կլիներ այդ հայտարարությունը մատնել անուշադրության: Առհասարակ, կա մի բան, որ կարելի է համաձայնել լեզվի աղքատության վերաբերյալ դիտարկմանը: Աշխարհում չկա մի լեզու, որի մասին  մենք կարող ենք ասել՝ աղքատ լեզու է, այլ բան, որ հասարակությունը լեզուն ֆորմալ ձեւով չի կարողանում օգտագործել»,-ասել է Սուրեն Զոլյանը:

 Սուրեն Զոլյանը լեզվի քաղաքականությանն անդրադարձել է անգլիացի գրող Ջորջ Օրուելի ուսումնասիրությունից մեջբերելով. «Ես ուզում եմ ոչ թե Հրանտ Բագրատյանին անդրադառնալ, այլ ուղղակի  ուզում եմ  անդրադառնալ Ջորջ Օրուելի  խոսքերին: Նա  լուրջ ուսումնասիրություն է կատարել լեզվի քաղաքականության մասին  եւ այդպիսի օրինակ է բերում, թե ինչպես են կապակցված լեզուն եւ քաղաքականությունը կամ հասարակական կյանքը: Հասարակական կյանքի ճգնաժամը հանգեցնում է լեզվի ճգնաժամի, եւ հետագայում այդ աղքատիկ լեզուն հնարավորություն չի տալիս արտահայտել հետաքրքիր մտքեր: Այս առումով լեզուն ազդում է նաեւ քաղաքական ընդհանուր մակարդակի վրա, այսինքն՝ փոխադարձ կապ կա: Ոչ թե լեզուն է խնդիրը, այլ ինչպես են այդ լեզուն օգտագործում եւ ինչ սոցիալական համատեքստում: Այսինքն՝ գործում է Օրուելի նկատած օրինաչափությունը: Իհարկե, նա այդ  մասին գրելով՝ նկատի է ունեցել 40-ական թվականների բրիտանական գործիչների լեզուն, բայց բոլոր դեպքերում այդ երեույթը նա նկատել է»,-ասել է Սուրեն Զոլյանը: