Ադրբեջանի պշտպանության նախարարության N զորամասի Գիլյազի ավանում գտնվող զինպահեստում պայթյունի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ-ի, ԱԻՆ-ի եւ Գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունում։

Քրեական գործը հարուցվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 223.2 (անվտանգության կանոնների խախտում պայթյունավտանգ օբյեկտներում, որոնք հանգեցրել են ծանր հետեւանքների) եւ 342.2 (անփութություն, որը հանգեցրել է ծանր հետեւանքների) հոդվածների հատկանիշներով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանձնարարել է արտակարգ դեպքը հետաքննող հանձնաժողով ստեղծել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Պայթյունի հետեւանքով վիրավորվել է պահեստում գտնվող 6 մարդ, նրանց բեկորային վնասվածքներով անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ պայթյունը զինապահեստում որոտացել է օգոստոսի 26-ին առավոտյան։ Մի քանի ականներ ընկել են հարակից բնակավայրերի վրա։ 4 բնակավայրերի բնակիչների տարհանել են։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։

Պայթյունից հետո փակվել է Բաքու-ՌԴ սահման մայրուղին։