«ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» պատկերասրահում այսօր՝ օգոստոսի 27-ին կայացել է մեր հայրենակից, ռոստովաբնակ քանդակագործ, նկարիչ Ներսես Կիրակոսյանի ցուցահանդեսի բացումը: Ներկայացված են վերջին մեկ տարվա ընթացքում հեղինակի կատարած գրաֆիկական աշխատանքները: Ներկա էին մշակույթի եւ արվեստի գործիչներ:
«Այս ցուցահանդեսի գաղափարը շատ պատահական հղացավ` 2016թ.-ին կայացած առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ: Որոշեցի պատկերել հայ բեմի երախտավորներին, որ գալիք սերունդը չմոռանա նրանց ու հիշատակը միշտ վառ պահի»,- ասաց նկարիչը:
Ն. Կիրակոսյանի փոխանցմամբ`խորագիրը կլինի շարունակելի. «Անշուշտ, ցանկություն կա շարունակել այս գաղափարն ու առաջիկայում ներկայացնել հայ բեմի այլ երախտավորների դիմանկարներ, քանի որ այստեղ ոչ բոլորն են ներկայացված: Բանն այն է, որ այս աշխատանքներն արված են խիստ հաշվարկով. հաշվի ենք առել թատերական գործիչների միության ճեմասրահը, որտեղ շուտով կհանգրվանեն հայ բեմի երախտավորները»:
ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, բարձր գնահատելով նկարչի արվեստը, պարգեւատրեց Ն. Կիրակոսյանին ՀԹԳՄ ոսկե մեդալով` հայ բեմարվեստի երախտավորների դիմանկարները վարպետությամբ ստեղծելու եւ դրանք անհատույց Հայաստանի թատերական գործիչների միությանը նվիրաբերելու համար:
«Աննախադեպ գաղափար է, որի մասին անցած տարի տեղեկացա: Պետք է ասեմ, որ սա շատ մեծ եւ շռայլ նվեր է մեզ համար, ինչի համար շնորհակալություն հեղինակին: Կարծում եմ, որ այն կծառայի նպատակին. ցավոք սրտի, մեր երիտասարդները շատ քիչ գիտեն հայ բեմի երախտավորների մասին», – ասաց Հ. Ղազանչյանը:
Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. սեպտեմբերի 6-ը:
.jpg)
.jpg)




























