Այս պահին 30 հազար երեխա սպասում է իր հերթին, որ գնա մանկապարտեզ, սակայն մենք կարող ենք մանկապարտեզներում տեղավորել միայն 12 հազարին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը:
«Այս պահին 30 հազար երեխա սպասում է իր հերթին, որ գնա մանկապարտեզ, սակայն մենք կարող ենք մանկապարտեզներում տեղավորել միայն 12 հազարին: Չնայած որ մենք ունենք մանկապարտեզի շենքեր, որոնք տրված են վարձակալության եւ օգտագործվում են այլ նպատակներով: Սա Երեւանի համար գերխնդիր է, կոնկրետ Երեւան քաղաքում նախադպրոցական կրթությունը ծանր, կատաստրոֆիկ վիճակում է»,-ընդգծեց Աղեկյանը:
Նրա խոսքով, հնարավոր է, որ այդ երեխաներն այդպես էլ չհաճախեն մանկապարտեզ, միանգամից գնան դպրոց, որովհետեւ նրանց հերթն այդպես էլ չի հասնում. «Չնայած հաշվետվություններում մենք տեսնում ենք գեղեցիկ ներկայացված այլ իրականություն, այլ պատկեր, բայց իրականում երեխաները չունեն հնարավորություն մանկապարտեզներ հաճախելու եւ օգտվելու նախադպրոցական կրթությունից: Կարելի է ասել՝ փողոցից գնալու են դպրոց»:




























