ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ից կատարված գողությունը. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

2017թ. օգոստոսի 3-ին` ժամը 00:19-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք մուտք են գործել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության Շահումյանի անվան հանքի տեխնիկայի կայանման հրապարակ եւ կտրելու եղանակով հափշտակել խոշոր չափի արժողության սնուցման մալուխը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում:

Նախնական քննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է գողությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝  հափշտակությունը Կապան քաղաքի երկու բնակիչների կողմից կատարված լինելու վերաբերյալ։ Վերջիններս ձերբակալվել են որպես կասկածյալ եւ հարցաքննվել դեպքի շուրջ։ Կասկածյալները ցուցմունք են տվել՝ կատարված գողության մեխանիզմի եւ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ, կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք հանդիսացող կացինը:

Նկատի ունենալով, որ կասկածյալներին վերագրվում է միջին ծանրության հանցանքի կատարում, որի վերաբերյալ նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ, եւ վարույթն իրականացնող մարմինը հիմքեր չունի ենթադրելու, որ ազատության մեջ գտնվելով՝ նրանք կարող է խոչընդոտեն քրեական գործի նախաքննությանը կամ ներգործեն վկաների վրա՝ քննիչը որոշում է կայացրել՝ կասկածյալներին արգելանքից ազատելու մասին։

Նախաքննությունը շարունակվում է: