Կոռուպցիոն պատմություններով այլ հիմնարկներ են զբաղվում, մենք զբաղվում ենք մեր աշխատանքի կազմակերպմամբ: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով NEWS.am-ի հարցին` արդյոք Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ազատվելէ պաշտոնից կոռուպցիոն պատմությունների մեջ խառնված լինելու պատճառով, ինչպես շրջանառվում է մամուլում:
«Ես կայացրել եմ որոշում, որը գտնում եմ, որ նպատակահարմար է մեր արդյունավետության բարձրացման տեսակետից: Կամավոր Խաչատրյանը երկար տարիների ծառայության վաստակ ունի եւ նա դիմում է ներկայացրել ավելի ցածր պաշտոնի նշանակվելու եւ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ես այդ դիմումը բավարարել եմ»,-ասաց նա:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ առաջին անգամ զինված ուժերի պատմության մեջ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնում նշանակվել է կին` Գայանե Հովհաննիսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր վիրաբույժ: NEWS.am-ի հետ զրույցում Կամավոր Խաչատրյանը նշել է, որ պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Կամավոր Խաչատրյանի ազատումը կապված է կոռուպցիոն մութ պատմությունների հետ:




























