Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում եւ նշելով, որ սա Բոսնիա եւ Հերցեգովինայից բարձրաստիճան առաջին այցն է Հայաստան, այն լավ առիթ է համարել անդրադառնալու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու արդյունավետ համագործակցության ձեւավորմանը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նման փոխայցերը հնարավորություն կստեղծեն լրացնելու այն բացը, որ ակտիվ քաղաքական երկխոսության բացակայության պայմաններում առաջացել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 20 տարիների ընթացքում:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ բարեկամության, փոխադարձ վստահության եւ գործընկերության վրա հիմնված հարաբերությունները:
Արտգործնախարար Ցրնադակը նշել է, որ շատ ուրախ է գլխավորելու իր երկրից Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունը եւ ընդգծել է, որ կցանկանար, որպեսզի այս այցը դիտարկվի որպես հստակ քայլ եւ ուղերձ առ այն, որ իր երկիրը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Իգոր Ցրնադակը շեշտել է, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերություններն ու բարեկամական կապերը զարգացնելու համար չկա որեւէ խնդիր: Նա հույս է հայտնել, որ իր այցի արդյունքներով նոր գլուխ կբացվի երկկողմ հարաբերություններում:
Նախարարը Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքականության հիմնադրույթները, տարբեր ուղղություններով զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ հետաքրքրվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա վիճակով եւ զարգացումներով՝ ընդգծելով, որ Բոսնիա եւ Հերցեգովինան շարունակում է մեծ հետաքրքրությամբ հետեւել տարածաշրջանի զարգացումներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նախագահ Սարգսյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները:
Արտգործնախարար Ցրնադակն ընդգծել է, որ Բոսնիա եւ Հերցեգովինան կարեւորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:





























