Սույն թվականի հուլիսի 17-ին Մտավորականների խորհուրդ նախաձեռնությունը դիմել էր ՀՀ արտաքին գործերի, մշակույթի եւ բնապահպանության նախարարություններ՝ Սեւանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող մշակութային եւ բնական օբյեկտների համաշխարհային ժառանգություն՝ մշտապես նորացվող միջազգային ցուցակում ներառելու առաջարկով:
Ի պատասխան, ԱԳՆ-ն ներկայացրել է հետեւյալ պարզաբանումը՝ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը միջգերատեսչական մարմին է, որի հիմնական գործառույթն է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ապահովումն ու համակարգումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով հայտը ներկայացվում է ոլորտային գերատեսչության կողմից նախ Ազգային հանձնաժողովի հաստատմանը (նրանում ընդգրկված են ԱԳ, մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, արդարադատության, տնտեսական զարգացման եւ ներդրումների, բնապահպանության նախարարները), որից հետո Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը փաթեթն ուղարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն:
ՀՀ բնապահպանության նախարարությունն ընդամենը բանավոր կարգով, տեղեկացրել է, որ գործընթացը տեւական եւ հետեւողական աշխատանք է պահանջում եւ արդյունքների մասին կպատասխանեն լրացուցիչ:
Մշակույթի նախարարությունը մեզ առաջարկում է դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն, որպես ոլորտի լիազոր մարմին:
Ասել, որ զարմանք ես ապրում գերատեսչությունների գրությունները կարդալով, չափազանց մեղմ կլինի: Ստացվում է, եթե մենք չառաջարկեինք Սեւանա լիճը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցուցակում, նախարարությունները դրան չէին էլ անդրադառնա:
Մեզ «հուշելով», թե դիմեք բնապահպանության նախարարություն, կարծես «ձեռքերը լվանում են»: Արդյո՞ք Սեւանը զուտ բնական օբյեկտ է: Իսկ ու՞ր մնացին մշակութային, պատմական հուշարձանները, որոնք հայտնաբերվել են լճի մակարդակը իջնելուց հետո եւ դեռ կարող են ի հայտ գալ ափամերձ տարածքներում:
Ինչո՞ւ միեւնույն կառավարության կազմում գործող նախարարությունները չեն կարողանում համակարգել իրենց գործունեությունը եւ հանրության կողմից բարձրացված հարցերին բյուրոկրատական, ոչինչ չասող պատասխաններ են տալիս:
Հույս ունենանք, որ սայլը տեղից կշարժվի եւ առաջիկայում առիթ կունենանք հանրությանը տեղեկացնելու, որ մեր առաջարկը համապատասխան կարգով ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-կայան:
Մտավորականների խորհուրդ՝
Կարինե Դանիելյան - Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ազատ Եղիազարյան - Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արման Նավասարդյան - Արտակարգ ու լիազոր դեսպան
Ֆերդինանդ Առաքելյան - Քանդակագործ
Թաթուլ Մանասերյան - Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վահան Համազասպյան - Տեխնիկական գիտություննրի դոկտոր
Արմեն Հովսեփյան - Պատմաբան-քաղաքագետ, պրոֆեսոր
Էվելինա Ղուկասյան – Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն
Արամ Սարգսյան - Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ




























