25 տարվա ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում որեւէ փոփոխություն կամ առաջընթաց չկա: Օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հիմնահարցը ժամանակակից հայկական պետության եւ հայ ժողովրդի գլխավոր ողբերգություններից է:

«Հստակ տեսություն կա, որի վրա հենվելով՝ կարելի է պահպանել ե՛ւ հողերը, ե՛ւ բարեկեցությունը: Քանի որ բարեկեցություն կարելի է ապահովել միայն ուժի առկայության դեպքում: Չի կարելի հողերը տալ նրան, ով մշտապես քեզանից պահանջում է դրանք՝ դա փոխզիջում կոչելով, եւ միաժամանակ կարծել, որ վաղն ամեն ինչ կհարթվի: Նման բան չի լինի»,- ասաց քաղաքագետը՝ պատասխանելով հայկական կողմի հնարավոր զիջումների մասին լրագրողներին հարցին:

Փորձագետը կարծում է, որ 15 տարի առաջ Ղարաբաղի խնդրում հայկական կողմի զիջումների հարց չէր էլ քննարկվում: «Համենայն դեպս՝ ես չեմ հիշում, որ 15 տարի առաջ որեւէ միջազգային կազմակերպություն կամ գերտերություն հայտարարեր, որ, իբր, ստատուս-քվոն անընդունելի է: Բայց հիմա Հայաստանն է հայտարարում, որ ստատուս-քվոն անընդունելի է, չնայած այն շատ էլ ընդունելի է հայկական կողմի համար: Նրա համար շահեկան է, որպեսզի ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա»,- նշեց Մարտիրոսյանը: