Ես իմ թիմն եմ հավաքում, որ ճիշտ կարողանամ աշխատել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՊՆ-ի կադրերին ԱԻՆ տեղափոխելով՝ նախարարն իր մարդկա՞նց է տեղավորում եւ իր թի՞մն է ստեղծում։

«Ես մասնագետներին եմ բերում: ՊՆ մասնագետները կառավարման լուրջ ունակություններ ու հմտություններ ունեն», - ասաց նա ու հավելեց. «Այո, ես նաեւ իմ թիմն եմ հավաքում: Ընդամենը 7 ամիս է, որ աշխատում եմ եւ իրավունք ունեմ հավաքելու իմ թիմը, որպեսզի կարողանամ ճիշտ կազմակերպել իմ աշխատանքը»:

Հարցի, թե արդյոք հնարավո՞ր է պետական համակարգի, այդ թվում՝ ԱԻՆ-ի ճոխ ծախսերը կրճատել եւ հրդեհաշիջման տեխնիկա գնել, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Իսկ դուք գիտե՞ք ԱԻՆ-ի ծախսերը որոնք են, որ ճոխ եք գնահատում, ի՞նչ ճոխություն, իմ «Nissan Patro՞l»-ն է շքեղություն՝ 2008 թ. արտադրության, դա շքեղություն չէ, միայն դրանով կկարողանայի 2500 մետր բարձրանալ»:

Դիտարկմանը, թե գրանցված հրդեհները փաստեցին, որ նախարարությունը համապատասխան միջոցներ չունի, նախարարը հակադարձեց՝ նշելով, որ «Նաիրիտի» հրդեհի ժամանակ հրշեջները հրդեհաշիջումը շատ արիաբար ու արհեստավարժ են իրականացրել, եւ լավագույն տեխնիկան է օգտագործվել հրդեհի մարման համար: