Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է իրավական վերլուծություն, որն առնչվում է փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքների՝ կապված քրեակատարողական հիմնարկ կամ դատարան փաստաբանի մուտք գործելու, զննության կամ խուզարկության պահանջի եւ իր վստահորդների շահերի պաշտպանությունն իրականացնելու հետ:
Վերլուծությունն իրականացվել է հետեւյալ իրավաչափ շահերի հաշվառմամբ.
1) փաստաբանի հեղինակությունն ու նրա մասնագիտական աշխատանքի արդյունավետությունը.
2) փաստաբան-վստահորդ արտոնյալ հաղորդակցության եւ փաստաբանական գաղտնիքի պաշտպանվածությունը.
3) փաստաբանի վստահորդի, այդ թվում՝ նրա պաշտպանյալի իրավաբանական օգնության իրավունքի եւ արդար դատաքննության մյուս երաշխիքների ապահովումը.
4) իրավախախտումների կանխումը, համապատասխան հաստատության անվտանգության ապահովումն ու այլոց իրավունքների պաշտպանությունը:
Փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության իրականացման գործընթացի անբաժան մասն է եւ ենթակա է հատուկ երաշխավորման: Փաստաբանի հանրային հեղինակությունը նրա վստահորդի իրավունքների արդյունավետ պաշտպանության կարեւոր երաշխիք է եւ երկրում իրավապաշտպան աշխատանքի զարգացման անհրաժեշտ գրավական.
Հիմնական եզրահանգումներն ու առաջարկություններն են՝
Պետության ցանկացած ներկայացուցիչ, այդ թվում՝ քրեակատարողական ծառայողը կամ դատական կարգադրիչը պարտավոր են առաջնորդվել փաստաբանի բարեխղճության եւ ազնվության կանխավարկածով.
Պետությունը պարտավոր է ապահովել փաստաբան-վստահորդ արտոնյալ հաղորդակցության եւ փաստաբանական գաղտնիքի պաշտպանվածությունը՝ անկախ տեխնիկական միջոցների առկայությունից.
Ստուգողական ցանկացած գործողություն պետք է իրականացվի փաստաբանի եւ նրա վստահորդի շահերի հետ հավասարակշռման եւ հիմքերի պատշաճ առկայության պայմաններում.
Պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ զննության ենթարկվելուց հրաժարվելու մասին փաստաբանների պատճառաբանությունները դատական կարգադրիչների կողմից որոշումներ կայացնելիս համաչափության տեսանկյունից հաշվի չեն առնվել: Զննության` գործողությունների որոշակի շրջանակով չսահմանափակված ընթացակարգից հրաժարումն անկախ ամեն ինչից առաջացրել է խիստ հետեւանք՝ դատական նիստերի դահլիճ մուտքն արգելելը.
Անհրաժեշտ է իրականացնել «զննություն» եւ «խուզարկություն» հասկացությունների հստակ տարանջատում, բացահայտել դրանցից յուրաքանչյուրի բովանդակությունը կազմող գործողությունների շրջանակը՝ հաշվի առնելով կոնկրետ ոլորտում դրա նշանակության իրավական առանձնահատկությունները: Պետք է պատշաճ արտացոլել փաստաբաններին խուզարկելու օրենսդրական արգելքը.
Պետք է բացառել մյուս սուբյեկտների, այդ թվում՝ դատախազների համեմատությամբ խտրականության որեւէ դրսեւորում.
Անհրաժեշտ է անհետաձգելիորեն հստակեցնել արգելված առարկաները որոշելու չափանիշները եւ դրանց ցանկը.
Անհրաժեշտ է մշակել համապատասխան ստուգողական գործողությունների իրականացման մեթոդական ուղեցույցներ եւ կազմակերպել ստուգողական գործողություն իրականացնող աշխատակիցների վերապատրաստումներ.
Պետք է ապահովել ուղեցույցների հասանելիությունը հանրությանը, դրանք տարածել զանգվածային լրատվության միջոցներով եւ հանրությանը մատչելի այլ եղանակներով, այդ թվում՝ փակցնելով համապատասխան շենք մուտք գործողին տեսանելի վայրերում:
Վերլուծության հիման վրա մշակված եզրահանգումներն ու առաջարկությունները, ուղարկվել են Արդարադատության նախարարություն, Դատարանների նախագահների խորհուրդ եւ Դատական դեպարտամենտ:
Կից ներկայացվում է իրավական վերլուծությունը:




























