«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» առաքելության հիմնական նպատակը առաքինի մարդու կերտումն է: Այս կարծիքին է վարժարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բագրատ Սրբազանը: Լրագրողների հետ զրույցում Սրբազանը նշեց, որ բնական է, որ միջանձնային հարաբերություններում վարժարանանում ինչ-որ խնդիրներ լինեն, որովհետեւ մի հարկի տակ տարբեր բնավորություն ունեցող երիտասարդներ են ապրելու, սակայն, թե կրթական ծրագրերի, թե՛ զբաղվածության առումով, թե՛ ռազմահայրենասիրական զգացումը բարձրացնելու նպատակով մեծածավալ աշխատանքներ են տարվում, որպեսզի վարժարանի սաները հնարավորինս զբաղված լինեն եւ կրթվեն:

«Այս վարժարանից են դուրս գալու մեր ապագա սպաները, որոնք բանակի նկարագիրն են կերտելու: Բնականաբար, որքան պատրաստված, նվիրված, առաքինությամբ օժտված, հայրենասիրությամբ լցված սպաներ ունենանք, այնքան առաքինի ու մարտունակ բանակ կունենանք», -ասաց նա: