Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ ֆրանսիացիների վստահության մակարդակը մեկ ամսում 13 տոկոսով նվազել է: Այս մասին են վկայում հինգշաբթի հրապարակված հարցման արդյունքները, որը Le Figaro Magazine-ի պատվերով անցկացրել են Kantar Sofres եւ OnePoint ծառայությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հարցվածների միայն 41 տոկոսն է «վստահությամբ» վերաբերվում Ֆրանսիայի գործող նախագահի գործունեությանը եւ ծրագրերին: Հուլիսին այս ցուցանիշը 54 տոկոս էր: Մակրոնին 90 տոկոսով աջակցում են իր ստեղծած քաղաքական՝ «Հանրապետությունը երթում է» շարժման ներկայացուցիչները:
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության համախոհների շրջանում Մակրոնի վարկանիշը մեկ ամսում 12 տոկոսով նվազել է եւ գրավել 52 տոկոսի նիշը: Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչների շրջանում այս ցուցանիշն ավելի ցածր է՝ 45 տոկոս (17 տոկոսային կետով նվազմամբ):
Հարցմամբ պարզվել է նաեւ վարչապետ Էդուարդ Ֆիլիպի վարկանիշի անկումը՝ 8 տոկոսային կետով՝ մինչեւ 39 տոկոս: Ֆրանսիացիները որպես երկրի առանձնապես ակտիվ քաղաքական գործիչ կցանկանային տեսնել էկոլոգիայի նախարար Նիկոլյա Յուլոյին: Նրան աջակցում է հարցվածների 51 տոկոսը, որն անցել է «Չենթարկվող Ֆրանսիա» ձախ արմատական շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնին, որին աջակցում է հարցվածների 41 տոկոսը: Բնապահպան եւ նախկինում բնության ու ճանապարհորդությունների մասին հաղորդումների վարող Յուլոն երկար տարիներ գրավել է տարբեր վարկանիշների վերին հորիզոնականները:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 24-28-ին՝ 983 մարդու ներկայացուցչական ընտրությամբ:




























