Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերթական անգամ մերժել է NEWS.am-ի մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանի հավատարմագրման հայտը։ Այս անգամ լրագրողը պետք է լուսաբաներ Ռումինիա – Հայաստան հանդիպումը, որը կարևոր նշանակություն ունի, քանի որ հաղթանակի դեպքում Հայաստանի ընտրանին կպահպանի խմբից դուրս գալու շանսերը։
ՀՖՖ-ից պատճառաբանել են, որ լրագրողի հավատարմագրման հայտը չի հաստատել անձամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Ֆեդերացիան արդեն որերորդ անգամ է՝ թույլ չի տալիս լրագրողին իրականացնել իր մասնագիտական աշխատանքը։ Երկու ամիս առաջ նույն Ռուբեն Հայրապետյանի անձնական որոշմամբ ՀՖՖ-ն առանց որեւէ պատճառի մերժել էր Վերա Մարտիրոսյանի հավատարմագրումը՝ Հայաստան-Սենթ Քիթս եւ Նեւիս եւ Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումները լուսաբանելու համար: Իսկ մինչ այդ էլ չէր հավատարմագրել Հայաստանի հավաքականի խաղերը լուսաբանելու համար:
Այս ժամանակահատվածում ՀՖՖ-ն ոչ մի անգամ հանգամանորեն պատասխան չի տվել, թե ինչու է խափանում լրագրողի աշխատանքը։ Աննախադեպ երեւույթ է, երբ լրագրողի հավատարմագրման հարցով զբաղվում է անձամբ ֆեդերացիայի նախագահը:
Ըստ էության, ՀՖՖ-ն շարունակում է ապարդյուն փորձեր անել խոչընդոտելու լրագրողին իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու հարցում, սակայն փաստն այն է, որ NEWS.am-ը շարունակում է լուսաբանել եւ վեր հանել այն բոլոր խնդիրներն ու բացերը, որոնք այսօր կան հայկական ֆուտբոլում: Ու առնվազն տարօրինակ է, որ ոլորտում առկա խնդիրները լուծելու, հայկական ֆուտբոլի առջեւ ծառացած մարտահրավերները կարգավորելու փոխարեն, ՀՖՖ-ն՝ իր նախագահով, զբաղված է լրագրողի առջեւ արհեստական եւ մտացածին խոչընդոտներ ստեղծելու անիմաստ փորձերով:




























