Գիտնականները հայտնաբերել են, որ թռչնակերպ դինոզավրը, որը 145-65 մլն տարի առաջ ապրել է ժամանակակից Չինաստանի տարածքում, ածել է երկնագույնականաչ ձվեր: Սա դինոզավրերի ձվերի գույնի վերաբերյալ առաջին տվյալն է, հայտնում է PeerJ ամսագիրը:

Գիտնականների հայտնաբերած ձվերը պատկանել են փոքրիկ կարճաքիթ օվիրապտորիդին՝ Heyuannia huangi-ն, որը վերին կավճի դարաշրջանում ապրել է ժամանակակից Չինաստանի տարածքում: Նախկինում այս տեսակի ներկայացուցիչների մեծ քանակով ձվեր հայտնաբերվել են, սակայն ձվերի վրա պահպանված պիգմենտացիան առաջին անգամ է հայտնաբերվում:

Գիտնականների ենթադրությամբ՝ ձվերը կարող էին ներկվել նստվածքների հետեւանքով, սակայն անալիզով դրանց վրա գունագոյացնող ոչ մի միացություն չի հայտնաբերվել: Կճեպը պարունակել է բիլիվերդին պիգմենտը, որը եւ պատասխանատու էր գունավորման համար: Հաշվի առնելով, որ բիլիվերդինը խոցելի է խոնավության նկատմամբ եւ նստվածքներում գտնվելու ժամանակ կարող էր կճեպից լվացվել, ձվերը նախապես պետք է ունենային բավականին վառ գունավորում:

Գտածոն վկայում է, որ դինոզավրերի ձվերի պիգմենտացիան ավելի վաղ է հայտնվել, քան նախկինում ենթադրում էին, նշել են հետազոտողները: Հնարավոր է, որ սա տեղի է ունեցել բնադրման զարգացման հետ միաժամանակ, երբ դինոզավրերը դադարել են ձուն հողում թաղել եւ դրանք մասամբ մակերեւույթին են թողել: