Հույս ունեմ՝ ադրբեջանական կողմը հետեւողական կլինի Բաքվում «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայկական կողմի մասնակցությունն ու ֆիզիկական անվտանգությունն ապահովելու հարցում։ Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Հիշեցնենք, որ «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստը տեղի կունենա սեպտեմբեի 22-ին։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ նոր խորհրդարանի հայկական պատվիրակությունը մեծ նշանակություն է տալիս միջազգային կառույցներում ներկայացված լինելուն։ «Մենք ոչ մի բարդույթ չունենք։ Եթե «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովը որոշել են Բաքվում անցկացնել, ապա մենք դրան մասնակցելու համար ցանկանում ենք եւ կարող ենք Բաքու մեկնել»,- ընդգծեց նա։

Նա շարունակեց, որ նիստը կարող է լինել Բաքվում, նույն հաջողությամբ՝ նաեւ Օսլոյում։ «Այլ հարց է, որ մեր մասնակցությունը կազմակերպչական լրացուցիչ միջոցառումներ է պահանջում՝ հաշվի առնելով այդ երկրում սպանությունները հերոսացնելու նախապատմությունը»,- ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմին անվտանգության երաշխիքներ են տրվել, ինչը հիմք է ծառայում աշխատանքի համար։