Արեւելյան Վրաստանում հերթական անտառային հրդեհն է բռնկվել. Թելավիի շրջանի Կոխտա լեռան լանջին անտառային զանգված է այրվում: Հրդեհը բռնկվել է Արթանի գյուղից ոչ հեռու: Տեղի բնակիչներն այսօր առավոտյան ծուխ են նկատել եւ հաղորդել համապատասխան ծառայություններին:

Հրշեջները փորձում են դեպքի վայր հասնել: Բարդ տեղանքի եւ ճանապարհների բացակայության պատճառով նրանք ոտքով են բարձրանում լեռ:

Արթանիի գյուղապետ Բեսիկ Գաիպարաշվիլիի խոսքով՝ իրենք դիմել են կենտրոնական իշխանություններին՝ խնդրելով ուղղաթիռ տրամադրել հրդեհը մարելու համար:

Նա չի բացառել, որ հրդեհը կարող էր բռնկվել անցյալ գիշեր գրանցված ուժեղ ամպրոպի ժամանակ: