Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ կառավարության եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Խոնարհվում ենք Արցախի անկախության ու ազատության համար մարտնչած հերոսների առջեւ: Նրանց անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել մեր հաղթանակները, ուժեղացնել մեր անվտանգությունն ու մարտունակությունը եւ առաջ շարժվել մեր ընդհանուր ազգային նպատակների իրականացման լավատեսական ձգտումներով:
Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին ու պատրաստ է հնարավորինս աջակցել ու սատարել տնտեսական զարգացմանը վերաբերող ծրագրերի իրականացման հարցում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա մեծ տոնի առթիվ՝ մաղթելով Արցախի մեր հայրենակիցներին խաղաղություն, առաջընթաց եւ նորանոր հաջողություններ»,-ասված է ուղերձում:




























