Հայաստանի բնակչության հետ պետք է աշխատել։ Սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում նման կարծքի հայտնեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, «Հանուն մարդկային կայուն զարգացման» միության նախագահ Կարինե Դանիելյանը։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք Հայաստանը չպետք է հետեւի Ճապոնիայի օրինակին եւ վերանայի իր վերաբերմունքը բանակի նկատմամբ՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքն ու դրա հետեւանքով բնական աղետները եւ փոխի դրա պրոֆիլը՝ այլ խնդիրներ լուծելու համար, նա ասաց. «Այո, տվյալ հանգամանքներում մենք պետք է պրոֆիլավորենք մեր բանակը։ Բայց բնակչության հետ եւս պետք է աշխատել։ Օրինակ, որպեսզի մարդիկ չայրեն խոտը՝ այն ոչնչացնելու նպատակով՝ առանց մտածելու, որ վաղը հրդեհը կարող է տարածվել անտառում»։ Նա հավելեց, որ աշխարհում կլիմայական եւ բնապահպանական փոփոխությունների հետ կապված ընդհանուր իրադրությունը յուրաքնաչյուր մարդու ստիպում է պատասխանատվություն ստանձնել։

Կարինե Դանիելյանը ափսոսանք է հայտնել, որ այս ամառ Հայաստանում բռնկված անտառային հրդեհներից, ինչպես նաեւ «Նաիրիտ» գործարանում հրդեհից հետո երկրում բնապահպանության նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել։