Պետք է գործել, որ տարբեր երկրների քաղաքներ ճանաչեն Արցախի քաղաքների հայկական պատկանելությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

Նրա խոսքով, Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունն ու ընկերակցությունը նշանակում է Արցախի մասամբ ճանաչում. «Դա, անշուշտ, ունի քաղաքական նշանակություն ու կարևորություն։ Դա Ադրբեջանի շուրջ կստեղծի հոգեբանական մթնոլորտ, որը նրան կմղի նոր հակազդեցությունների։ Կարծում եմ, որ դա ՀՅԴ-ի կողմից ձեռնարկած ճիշտ նախաձեռնություն է, որը պետք է քաջալերել»,-ընդգծել է Հրանտ Մարգարյանն ու հավելել, որ տարբեր երկրների քաղաքների կողմից Արցախի քաղաքների հայկական պատկանելությունը ճանաչելը Արցախի հարցի շուրջ կստեղծի միջազգային դրական կարծիք: