ՀՀ գործող իշխանությունները, Սերժ Սարգսյանը Մաքսային միություն մտնելու վերաբերյալ իրենց կողմից կայացված որոշումն արդարացնում են նրանով, որ Հայաստանի պարագայում ասոցացման պայմանագիրը կարող էր ավելի ծանր աղետի հանգեցնել քան դա եղավ Ուկրաինայի պարագայում` ռուսներին դեմ գնալու դեպքում կորցնելու էինք Արցախը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, որի 4 տարի լրացավ երեկ՝ սեպտեմբերի 3-ին:

Նրա խոսքով, դա խիստ բացասական կլիներ երկրի համար. «Դրականն այն էր լինելու, որ, հավանաբար, վերջապես կձերբազատվեինք այս անգործունակ, խայտառակ վարչակազմից  եւ, միգուցե, կհաջողեինք կառավարման նոր, արդյունավետ ու մրցունակ համակարգ ներդնելու հարցում: Սա առավել եւս նախընտրելի տարբերակ եմ այժմ դիտարկում հատկապես նաեւ այն պատճառով, որ այսօրվա կառավարիչներն այսպես թե այնպես, պատրաստվում են հակառակորդին հանձնել Արցախի ներկայիս տարածքի երկու երրորդը, որից հետո մնացած մեկ երրորդն էլ շատ կարճ ժամանակամիջոցում կհայաթափվի»,-ընդգծեց Մելիքյանը:

Նա նաեւ նկատեց, որ ԵՏՄ անդամակցության հարցում, հավանաբար, անհրաժեշտ է ելնել հանգամանքից, որ, ամեն ինչից անկախ, Արեւելյան գործընկերության երկրների համար նախատեսված եվրոասոցացման համաձայնագրերի կնքումը նպաստելու էր Ռուսաստանի քաղաքական, ռազմական, տնտեսական  եւ լեզվամշակութային գերիշխանության գոտու էական կրճատմանը: