Վրաստանում ՆԱՏՕ զորավարժություններին չմասնակցելու որոշումը հետընթաց էր ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում. «Հայաստանը երեւի թե միակ երկիրն էր, որ ԵԱՏՄ շրջանակներում շարունակում էր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ եւ որոշումը չմասնակցել ՆԱՏՕ զորավարժություններին, հետընթաց էր այդ հարաբերություններում: Սա Հայաստանի ինքնիշխանության համար լուրջ վտանգ է, Հայաստանը պետք է ամեն ինչի մեջ այլընտրանք փնտրի, մանավանդ անվտանգության տեսանկյունից»,-այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով էլ, Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է եւ իր ռազմաքաղաքական ընտրությունն արդեն կատարել է եւ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել, կամ չմասնակցելը չի կարող քննարկման առարկա դառնալ. «Կտրուկ շրջադարձ դեպի ՆԱՏՕ չէր կարող լինել, մեր օրակարգում նման բան չկա, չնայած կարող եմ ասել, որ դրական եմ գնահատում ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները»:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի վերջին զորավարժություններին Հայաստանը մասնակցել է, քանի որ դրանք եղել են առողջապահական եւ ռազմական բուժօգնության զորավարժություններ, բացի այդ դրանց Թուրքիան եւ Ադրբեջանը չեն մասնակցել. «Վերջին զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը դրական կարող եմ գնահատել, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն մասնակցել այդ զորավարժություններին, դրանք եղել են բացառապես առողջապահական եւ ռազմական բուժօգնության զորավարժություններ»:




























