Երեւանի ավագ եւ հիմնական դպրոցների աշակերտների համար իրականացվող  «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում տպագրվել է «Գրաբարի շտեմարան» ժողովածուն:

Հայաստանի ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ  կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մի շարք դպրոցների տնօրեններ եւ գրաբարի օլիմպիադային մասնակից դպրոցականներ:

Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է եկեղեցու դերակատարությունն ու հոգատարությունը կրթության, մասնավորապես հայագիտական կրթության նկատմամբ. «Մենք ունենալու ենք խորացված հայագիտական դպրոցներ, որտեղ սովորող երեխաները հետագայում կարող են բուհերում հայագիտական կրթության ուղղությամբ մասնագիտանալ՝ բանասիրություն, պատմություն, ազգագրություն եւ հայագիտություն:Մեր լեզվի լավագույն ուսուցիչները գտնում են, որ հայերենի ուսուցման բարձր արդյունքի համար պետք է ամուր հիմքեր դնել դպրոցում եւ այդ առումով գրաբարի շտեմարանի հրատարակումը շատ կարեւոր բաց է լրացնում: Մենք գտնում ենք, որ հայերենի ուսուցիչների վերապատրաստման մեջ անպայման պետք է ներառել գրաբարի իմացության բաղադրիչ. հայերենի ուսուցիչը պարտավոր է իմանալ մեր ոսկեղենիկ հայերենը՝ իր անցյալով, որպեսզի կարողանա հետաքրքիր դարձնել նաեւ լեզվի ներկա  փուլի դասավանդումը»,- նշել է ԿԳ նախարարը: Լ. Մկրտչյանի խոսքով՝ նախարարությունը կրթական տարբեր ծրագրերով համագործակցում է եկեղեցու հետ, մասնավորապես ճեմարանական կրթությունը ասպիրանտական կրթության ճանապարհով զարգացնելու ուղղությամբ: «Եկեղեցու մասնակցությունը կրթական ծրագրերում, կարծում եմ, լուրջ ազդակ կդառնա, որպեսզի վերածնունդ ապրի  նաեւ միջնադարագիտությունը: Այսօր մենք ունենք մի վիճակ, երբ երիտասարդ գիտնականները հետաքրքրություն չեն ցուցաբերում միջնադարյան ժառանգության նկատմամբ, որովհետեւ նախ այդ ասպարեզը պահանջում է բազային ավելի լուրջ գիտելիքներ, բացի այդ առկա է նաեւ մոտիվացիայի պակաս: Եկեղեցու աջակցությունը այս ուղղության  զարգացման համար շատ կարեւոր է»,- նշել է ԿԳ նախարարը: Լ.Մկրտչյանը նաեւ հավելել է, որ գրաբարի դասընթացը դպրոցներում չի կարող համընդհանուր լինել, այն կամընտրական ձեւով դասավանդվում է միայն հումանիտար հոսքերում՝ այն աշակերտների համար, ովքեր հին հայերենը սովորելու ցանկություն ունեն: